«Երևանյան ամառ» ծրագրի օրը նվիրված էր Սահմանադրության օրվան

005Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի հուլիսի 5-ի միջոցառումները նվիրված էին Սահմանադրության օրվան։ Այդ համատեքստում  էին բակային մի շարք միջոցառումներն ու այդ օրվա՝ ծրագրով նախատեսված բուն միջոցառումը։

Մաշտոցի պողոտայում Մատենադարանից Հանրապետության հրապարակ երթուղով հեծանվավազք էր. մասնակցում էին հեծանվորդ պատանի մարզիկներ ու սիրողական հեծանվորդներ, որոնց թվում պետական կառույցների աշխատակիցներ էին, փոքր ու միջին ձեռնարկություններ ղեկավարող գործարարներ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ։ Կազմակերպիչներն ասում են, որ այդ նախաձեռնությամբ հանդես են գալիս առողջ ապրելակերպի, ինչպես նաև օրենքի, հետևաբար, նաև իրավունքների պաշտպանության քարոզչությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ «Երևանյան ամառ» ծրագրում այսպիսի միջոցառում ներառելու՝ «GMG մեդիա-գրուպ» ընկերության նախաձեռնությանը Երևանի քաղաքապետարանը աջակցել է անհրաժեշտ բոլոր միջոցներով։

«Երևանի քաղաքապետարանն առողջ ապրելակերպի քարոզչության բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնում, իրականացնում և սիրով արձագանքում է նաև տարբեր առաջարկներ։ Հեծանվավազքի այս խորհրդանշական մրցումը մեկն է այն մարզական միջոցառումներից, որ քաղաքապետարանը ներառել է  «Երևանյան ամառ» եռամսյա ընդգրկուն ծրագրում»,- նշել է Յուրի Մամիկոնյանը։

Հեծանվավազքի ընթացքում մասնակիցներին ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։

Հաղթողներն արժանացել են պարգևների, ստացել խրախուսական նվերներ։

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի ընդարձակ այգում բակային ճամբարի փակման միջոցառումը զբաղեցրել էր ողջ այգին. ֆուտբոլի դաշտում վարչական շրջանի տարբեր հասցեներում բնակվող երեխաներից կազմված թիմերն էին մրցում, այգու ճեմուղում տոնական հեքիաթային կերպարների ու ծաղրածու-խաղավարների մասնակցությամբ միջոցառում էր ամենափոքրիկների համար, իսկ զրուցարան-տաղավարներում մրցում էին շախմատասեր փոքրիկներն ու Սահմանադրության օրվան համահունչ թեմաներով նկարում էին դպրոցահասակ երեխաները։ Երեխաներին այգի բերած ծնողների խոսքով՝ այս ամռանը բակային միջոցառումներին երեխաներն անհամբերությամբ են սպասել, առավել ևս, որ նորակառույց մեծ այգին շատ հարմարավետ է այդ բնույթի միջոցառումների համար։

«Երևանյան ամառ» ծրագրի օրվա ևս մեկ միջոցառում էլ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր։ Աբովյան փողոցում երեկոյան զբոսնողները «Երևան» փողային նվագախմբի հերթական ելույթն էին ունկնդրում։ Նվագախմբի կատարմամբ հնչում էին հայկական և արտասահմանյան հանրահայտ ֆիլմերի հայտնի մեղեդիներ։ Հանդիսատեսի խոսքով՝ միջոցառման մտահղացումն այնքան հաջողված է, որ այն կարելի է Երևանը բնութագրող իրադարձություն անվանել։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,