Դեսպան Համլետ Գասպարյանը այցելեց Բաբեշ-Բոյայ համալսարանում հիմնված Հայագիտության ինստիտուտն

համլետ գասպարյան,ռումինիաՌումինիայի հեղինակավոր համալսարաններից մեկում` Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանում այս տարվա սկզբին հիմնված Հայագիտության ինստիտուտն սկսել է իր գործունեությունը: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին Բաբեշ-Բոյայ համալսարան այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և Հայագիտության ինստիտուտի նախաձեռնող և ղեկավար դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Ռումինիայում հայագիտության ավանդույթները վերականգնելու մասին` հաշվի առնելով այդ բնագավառում կուտակված ծավալուն նյութը և դրանք կենտրոնացնելու ու գիտական ուղղվածություն տալու անհրաժեշտությունը: Ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը պատրաստակամություն հայտնեց այդ, ինչպես նաև կրթական և գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի կրթահետազոտական հաստատությունների հետ: Ըստ դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի, ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի և ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլև հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և բալկանյան այլ երկրների հետ` այդպիսով դառնալով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայագիտության կենտրոն: Այդ հարցերի շուրջ դեսպան Գասպարյանը և Նաստասե-Կովաչը նույն օրը մտքեր փոխանակեցին նաև Ռումինական ակադեմիայի Կլուժի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Նիկոլաե Էդրոյուի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջանի (Tudor Salagean) հետ:

Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ, նույն օրը Բաբեշ-Բոյայի համալսարանում, Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ» խորագրով քննարկում դեսպան Գասպարյանի և Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի քանի տասնյակ անդամներ, ուսանողներ և լրագրողներ: Դեսպան Գասպարյանը հայոց ցեղասպանությունը, այն ծնող պատճառները և դրա իրականացման մեխանիզմները ներկայացրեց պատմական լայն հենքի վրա` մասնավորապես ընդգծելով դրա ծանր հետևանքները, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և նախաձեռնությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Կլուժում գտնվելու ընթացքում դեսպան Գասպարյանն այցելեց նաև տեղի Հայոց միության կենտրոն:

Tags: , , ,