Այսօր խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նրան հարց ուղղեց անմիջապես Նիկոլ Փաշինյանի հարցից հետո, որի ժաամանակ վարչապետն ասել էր, թե նրա բնույթն է ոչ մի լավ բան չտեսնելը. «Պարոն վարչապետ, հավանաբար իմ բնույթն էլ գիտեք, որ եթե ինչ որ լավ բան եմ տեսնում, չեմ խուսափում մատնանշել, բայց եթե մատնանշելու բան չկա, սա այլ բան է»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:
Անցնելով բուն թեմային` վարչապետի ելույթին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ելույթում բավականին մեղմ էր ինքնաքննադատությունը, մինչդեռ կառավարության նիստերի ժամանակ վարչապետի կողմից բազմիցս է բարձրաձայնվում սխալների, բացթողումների և թերությունների մասին. «Այդ բացթողումների և սխալների համար ո՞վ է պատասխանատվություն կրել, որպեսզի Ազգային ժողովը հավատա, որ սխալ քաղաքական կուրսի հմար ինչ որ մեկը պատասխան է տալու: Մենք երբեք չենք տեսել այդ պատասխանատվություն կրելու պրոցեսն ու սուբյեկտը»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:
Վարչապետը հիշեցրեց, օրինակ, վերջին 5 տարիների ամենախոշոր բացահայտումը սոցիալական ոլորտի չարաշահումների վերաբերյալ. «Դուք տեղյակ եք, որ այդ ծառայության ղեկավարը՝ մեր կուսակցության անդամը (խոսքը Վազգեն Խաչիկյանի մասին է-խմբ.), այսօր ձերբակալված է»,-ասաց նա:
Այնուհետև Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ երկրում բարեփոխումներն ուղղակիորեն կատարվում են իշխանափոխության միջոցով: «Եթե իշխանությունը պատրաստ չէ ռեֆորմ իրականացնել իշխանափոխության միջոցով, ապա ռեֆորմներ ուղղակի չեն ստացվի»:
«Դուք առաջ եք քաշում քաղաքական հետաքրքիր թեզ,-պատասխանեց վարչապետը,- աշխարհում այդպիսի բան չկա. ցանկացած քաղաքական ուժ ուզում է իրականացնել ռեֆորմներ, որպեսզի ժողովրդի քվեն նորից ստանա»:
Տիգրան Սարգսյանն ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց իրենց քննադատելու ժամանակ ուժ գտնել նաև սեփական բացթողումների մասին բարձրաձայնելու: «Դուք մարդկանց հիասթափցնում եք և այլընտրանքի հնարավորություն չեք տալիս: Ընենց որ, պարո՛ն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա ենք, և ճիշտ ուղին համագործակցության ուղին է»,-ասաց վարչապետը:
Վահան Հովհաննիսյանն էլ արձագանքեց. «Եթե դուք քաղաքական մենաշնորհ եք ստեղծել, ապա մենք ինչպե՞ս պետք է մրցենք: Մրցակցային դաշտ ստեղծեք, որ մրցենք»:
Tags: Ազգային ժողով