ՀՀ գյուղատնտեսության նախարարին գոհացրել է ստացվող բերքի որակը

բերքահավաք

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հաղորդեցին, որ հանրապետության սերմնաբուծության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Երկրագործության գիտական կենտրոն” ՊՈԱԿ-ում  աշխատանքային  բուռն եռուզեռ է։  Սկսվել է  ցորենի բերքահավաքը։  50 հեկտարի վրա  ցանքը կատարվել է սուպերէլիտային սերմերով,  որոնց մի մասը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը  լրացվել գիտական կենտրոնում մշակված “Նաիրի-68″  տեղական սորտով։

Այսօր ցորենի բերքահավաքի ընթացքին, ինչպես նաև   գիտական  կենտրոնում մշակվող հատիկաընդեղեն  և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությանը  ծանոթանալու  նպատակով Երկրագործության գիտական կենտրոն է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։  Կենտրոնի  տնօրենը ներկայացրել է  բերքահավաքի առաջին  արդյունքները՝  հեկտարի  միջին բերքատվությունը 60 ցենտներից ավելին է։ Նախարարին  գոհացրել է նաև  ստացվող  բերքի որակը։ Այն ամբողջությամբ նախատեսված է հանրապետության սերմնաբուծության զարգացման նպատակների համար։

Նախարարը ծանոթացել է նաև 9 հա վրա մշակվող  լոլիկի  տեղական “Նոյ”,  “Հայաստանի հրաշք” և  “Նվեր”  սորտերի, ինչպես նաև  0.5 հա վրա մշակվող ոլոռի տեղական “Կանգուն” և 1 հա վրա մշակվող սիսեռի “Սիփան” տեղական սորտի սուպերէլիտային ցանքերի վիճակին։ Նշված ցանքսերից  ստացվող սերմացուն նույնպես ամբողջությամբ  և մատչելի գներով կտրամադրվի հանրապետության ֆերմերային տնտեսություններին։  Դա զգալիորեն կխթանի հայկական ավանդական սորտերի մշակության ծավալների ավելացմանը:

Այցելության ավարտին նախարարը եղել է նաև 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր 5 հա վրա պահպանվում են  հայկական ծիրանենու 84 գենետիկ սորտեր: Ծանոթանալով ընթացիկ տարում այստեղ  1 հա վրա կատարված կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքներին, նախարարը որոշակի դիտողություններ է արել կատարված աշխատանքի վերաբերյալ:

Անկախ

Tags: ,