«Ճրագախոտը»սպառնում է լոլիկի և սմբուկի բերքին

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի և սմբուկի առանձին դաշտերում  տարածում է գտել   «Ճրագախոտ» (Заразиха, Orobanche) պարազիտ մոլախոտը:

Հուլիսի 3-ին  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լևոն Ալեքսանյանի, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի և Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի  ուղեկցությամբ եղել է նշած դաշտերում, ծանոթացել իրավիճակին և տվել մասնագիտական որոշ ցուցումներ:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ամբողջ աշխարհում նշված մոլախոտի դեմ քիմիական պայքարի արդյունավետ միջոցները  խիստ սահմանափակ են և յուրաքանչյուրի կիրառման  դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք է առաջանում:

Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը (ինչը մեզ մոտ հիմնականում չի ապահովվում), ինչպես նաև մոլախոտի նկատմամբ դիմացկուն սորտերի մշակությունը: Ընդունված է նաև սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երբ դաշտում կատարվում է տեր բույսի (վնասվող բույսի) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերբիցիդների միջոցով:

Ներկայումս նախարարության մասնագետները զբաղվում են խնդրով և նոր լուծումների հնարավորության դեպքում տեղում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

Անկախ

Tags: , , ,