Մայրաքաղաքում մեկնարկում են բակային ճամբարները

001(1)Մայրաքաղաքում «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օրեցօր շատանում են բակային ճամբարները տարբեր այգիներում, ընդարձակ բակերում։ Եվս մեկ բակային ճամբար է բացվել Աջափնյակ վարչական շրջանում, Շինարարների 15/1 հասցեի մեծ բակում։ Հարակից շենքերի երեխաները 15 օր շարունակ առավոտից մինչ ուշ երեկո ճամբարում խաղալու, մարզվելու են հատուկ ծրագրով, խաղավար-ջոկատավարների մասնակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ամառային ծրագիրը հատկապես այն երեխաների համար է, ովքեր ամառային արձակուրդի օրերին բակային խաղերով են զվարճանում։ Արձակուրդային առօրյան բովանդակալից դարձնելու համար քաղաքապետարանն այսպիսի ճամբարներով երեխաներին առաջարկում է բակային հանգստի լավագույն տարբերակը՝ բազմաթիվ գույնզգույն մանկական միջոցառումներով, մարզական մրցումներով»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։

«Աջափնյակ» անունը կրող ճամբարը յուրաքանչյուր օր մեկնարկելու է առավոտյան 9-ին, ընդմիջվելու է առավել շոգ ժամերին, ապա շարունակվելու է երեկոյան ժ. 17։00-20։00-ն։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,