Այսօր կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչը` Բրազիլիա- Գերմանիա

432855Բրազիլիայում շարունակվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը: Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում ուժերը կչափեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները: Հանդիպման գլխավոր մրցավարը մեքսիկացի Մարկո Ռոդրիգեսն է:

Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները նախկինում հանդիպել են 21 անգամ: 12 հաղթանակ  են տարել բրազիլացիները, 5 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, գերմանացիները հաղթել են 4 խաղում:

Խփած և բաց թողած գնդակներով ևս  առավելություն ունի Բրազիլիայի թիմը՝ 39:24:

Ուշագրավ է, որ 2002-ի աշխարհի առաջնության եզրափակիչում բրազիլացիները 2:0 հաշվով հաղթել էին գերմանացիներին: Այն ժամանակ էլ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը Լուիս Ֆելիպե Սկոլարին էր: Այդ հանդիպման մասնակիցներից հուլիսի 8-ին հայտավորված է միայն մեկ ֆուտբոլիստ՝ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն, որին միայն մեկ գոլ է անհրաժեշտ աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների պայքարում բրազիլացի Ռոնալդոյին շրջանցելու համար: Երկու ֆուտբոլիստն էլ մրցակիցների դարպասը գրավել են 15 անգամ:

Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 24:00-ին:

 

Tags: ,