ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց նորակառույց բազմաբնակարան շենքերի կառուցման և քաղաքացիների համար դրանց անմատչելիության հարցը: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու հասարակության բնակարաններով ապահովման հարցում:
Վարչապետն ընդունեց, որ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսու արժեքն իսկապես շատ բարձր է և հայկական ընտանիքի համար` ոչ հասանելի, և որպեսզի քաղաքացին կարողանա նման արժեքով բնակարան ձեռք բերել, ապա գոնե առաջիկա 5 տարիների համար պետք է կանխատեսի իր աշխատավարձի մակարդակը և ճիշտ պլանավորի իր բյուջեն:
Վարչապետի հավաստմամբ` էժան բնակարանային շինարարության խնդրի լուծման ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի շինարարական կազմակերպությունների հետ միասին:
Նա նաև տեղեկացրեց, որ պետական համակարգում սկսվելու է սոցիալական փաթեթեին զուգընթաց մի նոր ծրագիր, ըստ որի պետական ապարատում աշխատողները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու տարբեր հիպոթեքային ծրագրերի:
Տաճատ Վարդապետյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք մարդիկ կարող են հույս ունենալ, որ ապագայում պետությունը որոշակիորեն իր վրա կվերցնի բնակարանի մի մասի վճարման պարտավորությունը: Վարչապետը նշեց, որ այսօր էլ հասարակական որոշակի խմբերի համար պետությունը սուբսիդավորում իրականացնում է և հավաստիացրեց, որ սոցիալական այդ խմբերի ծավալն ու թիվը մեծանալու է:
Tags: Ազգային ժողով, վարչապետ