«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի Սահմանադրական դատարան

Դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները.  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այժմ շարժման անդամ Արմեն Եփրեմյանը, նշում է, որ իրենց գերակա խնդիրը համաներման հասնելն է այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին չեն կարողացել վճարել և արդյունքում նրանց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են. «Մեր պահանջներին ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ հարցը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում եղել են  հասարակական կազմակերպություններ (որոնց մասին մենք իհարկե ոչինչ չգիտենք): Որոշում է կայացվել զիջումների գնալ և տուգանքների չափերը որոշ չափով նվազեցնել: Մենք կարծում ենք, որ դա բավարար չէ, քանի որ համաներում չի հայտարարվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նախկինում խախտել են կանոնակարգը», – ասաց նա` ընդգծելով, որ իրենք դեմ չեն տուգանքներին , պարզապես «դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց գրպանին»:

Ըստ նախաձեռնության մեկ այլ մասնակից Արմեն Պետրոսյանի` համաներում չհայտարարելը անտրամաբանական է, քանի որ կառավարությունը ընդունել է, որ ներկայիս կանոնակարգը թերություններ ունի «Կառավարության կողմից արդեն որոշ չափով մեղմացվել են տուգանքների չափերը, այսինքն` նրանք ընդունում են, որ նախկին օրենքը՝ տուգանքների գների հետ կապված, սխալ է եղել», – ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով` իրենք դեմ չեն նորմալ երթևեկությանը, բայց չեն ընդունում, երբ հետապնդում են բիզնես շահեր ու ոչ թե քայլեր են անում նրա համար, որ երթևեկությունը կանոնակարգվի:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ երթը տեղի կունենա հուլիսի 17-ին. դրա նպատակը մարդկանց իրազեկումն է, իսկ կարգախոսն է` «Չենք վճարում տուգանքները»:

Դրանից հետո նախաձեռնությունը ծրագրում է ակցիաներ իրականացնել նաև մարզերում:

 

Անկախ

Tags: , , ,