Շտապ. հակառակորդն արդեն մի քանի ժամ է՝ գնդակոծում է Չինարին

chinariԻրավիճակը դարձյալ լարված է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Հակառակորդն արդեն մի քանի ժամ է` առանց դադարի գնդակոծում է Տավուշի մարզի Չինարի գյուղը:

Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ մոտ չորս ժամ է՝ ադրբեջանական դիրքապահները ԴՇԿ տեսակի զինատեսակից գնդակոծում են Չինարին: <<Չինարին քանդում են: Գյուղս քանդում են…ԴՇԿ-ն դրած գյուղի ուղղությամբ կրակում են, տների, փողոցների ուղղությամբ: Քիչ առաջ դուրս ենք եկել գյուղապետարանի մոտ, տեսնենք` ինչ ա եղել, վնասների մասին առայժմ չեմ կարող ասել>>,-ասաց Սամվել Սաղոյանը՝  նշելով, որ երկու օր էր` հակառակորդը լուռ էր, սակայն այս պահին գյուղում արտակարգ իրավիճակ է, Չինարին ամբողջությամբ գնդակոծվում է:

Չինարիի գյուղապետը նաև հայտնեց, որ կապ է հաստատել Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Այգեպարի ղեկավարների հետ, այդ համայնքներում հարաբերական խաղաղ է, և իր տեղեկությամբ՝ կրակոցները միայն Չինարիի ուղղությամբ են:

 

Լրացվում է:

1:16

Այս պահին շարունակվում են կրակոցները սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Համայնքի ղեկավարի խոսքով` հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս հակառակորդի կրակահերթերին: <<Մի րոպե տազ չեն անում, չեն լռվում, չգիտեմ` ինչ ա պատահել: Գյուղում բոլոր լույսերն անջատված են: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Նյութական վնասը հայտնի կլինի առավոտյան>>,-ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Անկախ