“Տեսել եմ՝ ինչպես է ոստիկանը թմրանյութ դրել որդուս բաճկոնում”. հայտարարել է ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստի մայրը

“Ֆեյսբուքյան” ադրբեջանցի ակտիվիստ Աբդուլ Աբիլովի մայրը՝ Նուրջահան Աբիլովը, ում որդին թմրանյութեր պահելու համար դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, “Թուրան” գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր որդին ձերբակալվել է սոցիալական կայքում գրառումների համար:

Նուրջահան Աբիլով

Ըստ Նուրջահան Աբիլովի՝ իր որդին անարդարության դեմ է պայքարում: Նա պատմել է, թե ոստիկանը ինչպես է թմրանյութ դրել իր որդու հագուստում:

“Որդուս տուն բերեցին շղթայված: Ոստիկաններից մեկը պոլիէթիլենային տոպրակով նյութ է դրել որդուս բաճկոնում, ես բռնեցի ոստիկանի ձեռքից, բայց ինձ հրեցին, իսկ այդ փաթեթը դրեցին բաճկոնի գրպանում: Ինձ ասեցին՝ չաղմկեմ՝ սպառնալով, որ կարող են նույնիսկ 5 կգ դնել”,- ասել է Աբիլովի մայրը:

Որդու ձերբակալությունից հետո ընտանիքի վիճակը շատ ծանր է: “Որդիս ընտանիքի միակ կերակրողն էր: Ձերբակալությունից հետո նրա կնոջը ուղարկեցի հայրական տուն, իսկ ես գնացի շրջաններ՝ որոշ ժամանակ եղբորս տանը ապրելու: Այժմ Բաքու եմ եղեկ: Ինչպե՞ս ապրեմ առանց որդու և հարսի”,- բողոքել է մայրը:

“Ես հարցնում եմ իշխանություններից՝ ինչու եք ձերբակալում անմեղներին: Ես գնացել էի բողոքելու, ոմանք ինձ ընդունեցին: Սակայն իմ բողոքներով չեն հետաքրքրվում”,- ասել է մայրը:

Աբդուլ Աբիլովը ձերբակալվել է 2013թ. նոյեմբերի 22-ին “Facebook” սոցիալական կայքում “Ստոպ կեղծավորներին” էջը բացելու համար, որտեղ քննադատել է իշխանություններին: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Աբիլովին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման:

 

Tags: , , ,