Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը


008
Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունիում կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Լրագրողների հարցերին ի պատասխան, քաղաքապետը նկատել է, որ դեռևս 2005 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ միասին առաջին շախմատի դպրոցը հիմնվել է Ավանում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն արդարացված էր: Եվ հիմա մենք այդ ծրագիրն իրականացնում ենք նաև ամբողջ Երևանում՝ նպատակ ունենալով մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում էլ ունենալ շախմատի դպրոցներ: Այս ծրագիրը առանձնակի կարևորված է մեր կողմից և, որպես առաջնահերթություն, հետզհետե կյանքի ենք կոչում այն: Անցյալ տարի մենք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացել շախմատի դպրոցներ, իսկ մինչև այս տարեվերջ նախատեսել ենք ևս 5 վարչական շրջաններում՝ Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն, շահագործման հանձնել նոր շախմատի դպրոցներ: Այդպիսով քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցների թիվը կհասնի 8-ի: Արդեն հաջորդ տարի կանդրադառնանք նաև մյուս վարչական շրջաններին, և համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր վարչական շրջանները կունենան իրենց շախմատի դպրոցները: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ բոլորիդ, որ մեր կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի հայկական շախմատի համաշխարհային փառքը երբևէ չխամրի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ի դեպ, ինչպես այսօր գործող շախմատի 3 դպրոցները, որոնցում սովորում են շուրջ 800 երեխաներ, այնպես էլ ապագա դպրոցները կգործեն անվճար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 Անկախ

 

Tags: , ,