Վարչապետը կողմնակից է էվոլյուցիոն ճանապարհին, իսկ ընդդիմությունը պահանջում է` հենց հիմա

Tigran-Sargsyan456-e1348684887247«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում 4 հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին` միաժամանակ հայտնելով, որ նրա պատասխանների հիման վրա էլ կառուցելու է իր վաղվա ելույթը խորհրդարանում. «Հնարավոր համարո՞ւմ եք, որ քաղաքական այս համակարգում իրականացվեն այն ծրագրերը, որոնց մասին շատ գեղեցիկ նշում եք` վերջ կոռուպցիային, մենաշնորհին և այլն: Ի՞նչ տրամաբանությամբ եք ակնկալում, որ Ռուսաստանը պետք է գազի գինն իջեցնի: Չե՞ք կարծում, որ եթե այս տարիներին լուծված լիներ մենաշնորի հարցը, այսօր մենք չէինք մուրա Ռուսաստանին, որ գազի սակագինը չբարձրացնի: Վերջին 2 տարիներին ՀՀ նախագահն իր շրջայցերի ընթացքում բացահայտել է մի շարք դեպքեր` պետմյուջեի մսխումների, ատկատների, գնագոյացման խնդիրների հետ կապված, և հանրությունն ակնկալում էր կոնկրետ գործողություններ, որոնք տեղի չունեցան»:

Վարչապետը հայտարարեց, որ կողմնակից է էվոլյուցիոն ճանապարհին և դեմ է հեղափոխականին. «Փորձը ցույց է տալիս, որ աղքատ երկրներում հեղափոխությունները բերում են այդ երկների տոտալ ոչնչացմանը»,-ասաց նա:

Ըստ Տիգրան Սարգսյանի, քաղաքական դաշտում հաջողության հասնելու հիմնարար խնդիրը քաղաքացիական հասարակության բազայի ձևավորումն է և դրա հիման վրա` նաև միջին խավի ձևավորումը: «Եթե մենք խթանենք միջին խավի ձևավորումը, 5 տարի հետո որակապես նոր միջավայր կունենանք»,-ասաց նա:

Վարչապետն ընդունում է, որ նոր միջավայրի ձևավորման խոչընդոտներից է բիզնեսի և քաղաքական դաշտի սերտաճումը, սակայն այստեղ էլ նա կտրուկ միջամտություններ անելը սխալ է համարում.  «Մենք լավ գիտակցում ենք, որ ունենք լրջագույն խնդիրներ, սակայն քայլ առ քայլ ենք գնալու դրանց լուծմանը, իսկ դուք ուզում եք հենց այսօր, հենց այս պահին: Հիմա կա դիմադրություն, և եթե մենք դա չգնահատենք, ապա հաջողության չենք հասնի»:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և գազի գնի բարձրացմանը, ապա վարչապետը նշեց, որ ռուսների հետ հարաբերություններն ազնիվ են ու բաց, և ինքը համամիտ չէ այն քաղաքական գնահատականներին, որոնք այս դահլիճում հնչում են. «Մենք խոսում ենք գազի գնի բանաձևի մասին և մշակում ենք պայմանագրեր, որտեղ այդ խաղի կանոնները պետք է նշված լինեն»,-ասաց Տիգրան Սարգսյանը` կրկնելով, որ իրենք անում են առավելագույնը:

Պետական բյուջեի մսխումների առումով վարչապետն ասաց, որ այդ հարցը վերջին 20 տարիների ընթացում Ազգային ժողովում մշտապես բարձրացվել է, սակայն տարբերությունն այն է, որ այսօր հրապարակայնությունն է ավելացել: Նա նաև նշեց, որ ՀՀ պետական բյուջեն թափանցիկության տեսակետից առաջավոր երկրների դասին է պատկանում. «Մենք ունենք թափանցիկ բյուջե և այն դարձրել ենք վերահսկելի հանրության համար, և եթե որոշ ռիսկեր են բացահայտվում, ապա դա մեզ օգնում է: Հրապարակային քննարկումները զգաստացնում են նախարարներին, պետական չինովնիկներին»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին` Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ելույթիս կարկասը համարյա կառուցվել է»:

Նա նաև նկատեց, որ կառավարությունը միշտ խոսում է էվոլյուցիոն ճանապարհի մասին, բայց երբեք չի ուզում այդ ճանապարհով իշխանությունը փոխել:

Tags: ,