ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր

10.07.14ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր ՀՀ կառավարության նիստում  վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով  մեկնել  էր  Լոռու մարզ`ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:   Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի   ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթանհամայնքներում, ուր   կարկուտը վնասել է  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

Տուժած բոլոր տնտեսություններում   նախարարը  զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ  կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու  և  ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ստեղծվել է  մարզային հանձնաժողով, որի վերջնական ամփոփումների հիման վրա էլ, անհատական մոտեցումով  և ըստ վնասի արձանագրված չափի,  կազմակերպվելու է տուժած գյուղացիների օժանդակությունը:

Մինչ այդ  մարզպետարանը  կարճ ժամկետում պետք է  հաշվարկի  և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի  աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:

Գյուղացիների կողմից բարձրացված  մյուս  հարցերին ընթացք տալու համար, նախարարըխոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին:

Անկախ

Tags: , ,