|
Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ ՀԲԸՄ Նուբարյան վարժարանում հանդիպում է ունեցել Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար ՀՅԴ և Հայ դատի Ուրուգվայի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը, բարերար Կարապետ Փիլավջյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել սենատոր Ռաֆայել Միկելինին և Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Մարտինես Ուելմոն: Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել նրանց և մաղթել հաջողություններ: Ավարտելով պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Չիլիի Հանրապետություն:
|

