Ինչ է քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստին

001 (4)Երևանի քաղաքապետարանում  տեղի է ունեցել  հաշմանդամություն ունեցող  անձանց  հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են նաև 2014թ. առաջին կիսամյակի աշխատանքները:

Նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների ղեկավարներ, հանձնաժողովի կազմում եղած ու նոր ընդգրկված հասարակական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

002 (3)Մինչ օրակարգին անցնելը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը հանձնաժողովի նախագահին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված շնորհակալագիրը` անհատույց օգտագործման իրավունքով Էրեբունի վարչական շրջանում իրենց կազմակերպությանը տրամադրված տարածքի համար: Այնուհետ քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել վերջին եռամսյակում իրականացված աշխատանքների համառոտ հաշվետվությամբ: Ըստ այդմ, մայրաքաղաքում շարունակվում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց  սոցիալական աջակցության բազմաբնույթ ծրագրերը, այդ թվում գործում են 18 բարեգործական ճաշարաններ`520 շահառուներով: Կարևորագույն բաղադրիչներից է նաև մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը, որի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում  ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ընկերությունների միջոցներով: Նշվել է, որ մինչև տարեվերջ թեքահարթակների թիվը երևանյան փողոցներում կավելանա ևս 185 -ով: Ընդ որում, թեքահարթակներով կկահավորվեն նաև մայրաքաղաքում հիմնանորոգվող թվով 23 փողոցները: Հաշմանդամներին ուղղված  սոցիալական կարևորոգույն նախաձեռնություններից  էր վերջերս Երևանի ավագանու որոշմամբ  հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց  ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զեկուցել է, որ դրան զուգահեռ ընթանում են ավտոկայանատեղիներում հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար անհրաժեշտ կահավորման աշխատանքները: Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների  թվով 10 ավտոբուսներում: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ վերջին տարիներին համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ շատ արդյունավետ է, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են:  ՀԿ-ների  ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից ընդունվել են ի գիտություն:

Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ կատարված աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և վստահեցրել, որ համայնքային բյուջեից հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված բոլոր ծրագրերը կֆինանսավորվեն 100 տոկոսով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 Անկախ

Tags: , , ,