Երևանի քաղաքապետն այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան

0001Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին:

Այնուհետ Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև քաղաքի կենտրոնում գտնվող  հանգստյան փոքրիկ գոտին, որը վերջերս է կահավորվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մհեր Խաչատրյանն իր և Մարտունու բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին խաղային ատրակցիոններ ու գեղարվեստական յուրօրինակ ձևավորմամբ նստարաններ նվիրաբերելու համար՝ ընդգծելով, որ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար քաղաքի այս հատվածում իսկապես ստեղծվել է հարմարավետ միջավայր:

Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: Ի մասնավորի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է Մարտունի քաղաքի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` նկատելով, որ այն հետզհետե դառնում է օրինակելի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: