Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների շրջանակում տեղի կունենա արտգործնախարարների հատուկ նիստը

g6+iranՆախատեսվում է հուլիսի 13-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող «Քոբուրգ» հյուրանոցում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) արտգործնախարարների նիստ հրավիրել, որից հետո Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն երկայացուցիչ Քեթրին Էշթոնի և «Վեցնյակի» անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կշարունակվեն բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ առկա տարաձայնությունները հարթելուն առնչվող հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երեկոյան կժամանի Վիեննա՝  մասնացելու Իրանի միջուկային հարցի շուրջը կայանալիք «Վեցնյակի» արտգործնախարարների նիստին:

Ուշագրով է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Վիեննայում կայանալիք Իրանի և «Վեցնյակի» ԱԳ նախարարների նիստին:

Վիեննայում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Պուտինի հետ մեկնելու է Լատինական Ամերիկա, այդ իսկ պատճառով չի մասնակցի նախարարների նիստին:

Հուլիսի 13-ին Վիեննա են ժամանելու Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները:

Ինչ վերաբերում է «Վեցնյակի» մյուս անդամ Չինաստանի ԱԳ նախարարի մասնակցությանը, ապա վերջինիս մասնակցության վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորվում:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 6-րդ շրջանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն երկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ:

Կողմերը, նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ, պետք է փորձեն լուծել եղած բոլոր հակասությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձնեն: Դա նախատեսված է իրականացնել մինչև հուլիսի 20-ը:

Թերևս, համաձայնագրի իրականացման ժամանակ ամենադժվարինը  ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումների հարցում ընդհանուր հայտարարի գալն է:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Tags: ,