ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հույս ունի, որ այսուհետ Երևանի Ծածկած շուկայում ընթացող գործողությունները կշարունակվեն իրենց պահանջի համաձայն. «Պաահանջը մեկն է` հին կառույցի պատերի ամրակայումը, սահմանված հատվածի ապամոնտաժումը, որից հետո արդեն կառուցվող շենքի նախագծի ներկայացումը մշակույթի նախարարություն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա:
Չկատարելու պարագայում, ըստ նախարարի, բոլոր հարցերը կտեղափոխեն լուծումների այլ դաշտ:
«Անկախ»-ի դիտարկմանը, որ գոյություն ունի միջազգային պայմանագիր, ըստ որի, եթե սեփակնատերը երկու անգամ խախտում է օրենքը, երրորդ անգամ նրան ոչ թե տուգանում են, այլ ձեռքից վերցնում հուշարձանը, մշակույթի նախարարն արձագանքեց. «Գիտեք ինչ, դուք ինձ հարցեր տվեք մշակույթի նախարարության գործառույթների շրջանակներում: Բոլորն ունեն իրենց գործառույցները»:
Նրա խոսքով` մշակույթի նախարարությունն այսօր դատապարտված է հանդուրժելու այն բոլոր գործընթացները, որոնք ժամանակին իրականացվել են, և որոնցով տարբեր սուբյեկտներ վերցրել են պարտավորություններ. «Ժամանակին այդ գործընթացներն իրականացվել են բազմաթիվ բացթողումներով: Անշուշտ պետք է հասկանալ նաև այն հանգամանքը, որ նորանկախ պետականության պայմաններում կայացվող կառույցները կարող էին ունենալ բազմաթիվ թերություններ, իսկ այսօր կնքվող պայմանագրերը չեն կարող պարունակել այն դրույթները, որոնք եղել են նախկինում»:
Լրագրողները նկատեցին, որ Ծածկած շուկան Սամվել Ալեքսանյանին է տրվել ոչ վաղ անցյալում, սակայն նախարարն ասաց, որ չի կարող ասել հստակ տարեթիվը:
Հասմիկ Պողոսյանը չպատասխանեց նաև սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու հարցին` նշելով, որ դա նույնպես իրենց իրավասության տակ չի մտնում:
Ի դեպ, Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ հունվար-փետրվար ամսին նախարարությունում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել են ոչ միայն նախարարության և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները, այլև Սամվել Ալեքսանյանը: Նախարարի տպավորությամբ` Սամվել Ալեքսանյանը հասկացել է իրենց պահանջները, սակայն. «Այս վերջին օրերի իրադարձությունները, ճիշտն ասած, ինձ էլ զարմացրին և տարակուսանքի մեջ գցեցին»,-խոստովանեց նախարարը:
Այնուամենայնիվ, Հասմիկ Պողոսյանը շարունակում է հավատալ, որ Սամվել Ալեքսանյանը կուղղի իր սխալը:
Tags: Ծածկած շուկա, փակ շուկա