ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ

006 (2)ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանի և WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է ազգային պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ և սահմանապահ ուղեկալ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին, եղել  Ղազանչի գյուղում տեղակայված այցելուների կենտրոնում, ծանոթացել վերջինիս պայմաններին և կարողություններին:

Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար: Անդրադառնալով ծրագրով նախատեսված աշխատանքների վերաբերյալ գյուղացիների մոտ առկա մտահոգություններին՝ նախարարը նշել է.  «WWF հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները դեռևս ավարտված չեն, առաջիկայում վերակառուցվելու են ծրագրով նախատեսված 11 գյուղերի ջրագծերը, ստեղծվելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոնը: Ազգային պարկն ունի որոշակի գործառույթներով ձեռնարկատիրական իրավունքներ և իր գործունեությամբ նպաստում է տարածաշրջանի զարգացմանը, էկոտուրիզմի խթանմանը, նոր աշխատատեղերի բացմանը և համայնքային բյուջեների ավելացմանը››:

Նախարարը հանդիպել է նաև «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ազգային պարկի տնօրենը ներկայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, նշել, որ ազգային պարկի աշխատակիցները տարածքի պահպանությունը կատարում են պատշաճ կերպով, իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ հարակից համայնքների բնակչության  և սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ, որպեսզի վերջիններս զգոն և հոգատար լինեն պահպանվող տարածքների նկատմամբ: Ստեղծվում են տարածքի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ, հանգստի գոտիներ, հատուկ ձկնորսական տարածքներ, տեղադրվում են արգելող տեղեկատվական նշաններ:

Արամայիս Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու  աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար` նշելով, որ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման կարևորությունը տարածաշրաջնի բնակչությունը կզգա և կգնահատի ապագայում:

Այցի ավարտին նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել  ազգային պարկի ղեկավարությանը և Բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին:

Tags: