Աբաս Արաղչի. «Պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել»

unnamedԻրանի  արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել:

«Միջազգային հանրության համար Գազայում իրականացվող ոճրագործություններն ամոթալի են: Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումից հետո»,- ասել է Իրանի  արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը:

Արաղչին հավելել է, որ տեսախցիկների առջև սիոնիստները շարունակում են  ոճրագործությունները, մինչդեռ միջազգային անվտանգության ու խաղաղության համար պատասխանատու կառույցները փակել են իրենց աչքերը:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, անդրադառնալով միջազգային կազմակերպություններին, հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կկատարի Միջին Արևելքում մարդկանց անվտանգության ու խաղաղության պահպանման ուղղությամբ իր առաքելությունը:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Էրդողանն ու Ռոուհանին համակարծիք են, որ պետք է վերջ տրվի Իսրայելի կողմից ռազմական գործողություններին և պահպանվի 2012-ին կողմերի միջև ձեռքբերված հրադադարը:

Երկու երկրների առաջնորդները կարևորել են նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը միջազգային հանրության համար:

Էրդողանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է իսլամական երկրներին  հրատապ միջամտություն:

Հաղորդվում է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հուլիսի 18-ին ժամանելու է Ստամբուլ, հանդիպելու է Էրդողանի հետ ու ևս մեկ անգամ քննարկելու է Գազայի հատվածում կատարվող իրադարձությունների դրդապատճառները:

 

Անկախ

Tags: , ,