Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտոշարասյունը Բաքվում խցանման մեջ է հայտնվել: Ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ Իլհամ Ալիևն ուղևորվել է Վրաստանի դեսպանատուն՝ նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ ցավակցությունը հայտնելու համար, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։
Ինչպես միշտ Իլհամ Ալիևի շարասյանն ուղեկցել է Բաքվի ոստիկանության վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Հասան Շիրինովը։ Սակայն այս անգամ Հասան Շիրինովի վարորդը սխալվել է, ինչի հետևանքով նախագահի ավտոշարասյունը Թեյմուր Ալիևի փողոցում մնացել է խցանման մեջ։
Նախագահի թիկնազորն արագ կողմնորոշվել է և նախագահի մեքենան շուտով շարունակել է ճանապարհը։
Կայքը նշում է, որ սխալի մեղավորը եղել է գեներալ-մայոր Հասան Շիրինովի վարորդը, որը շրջադարձ է կատարել՝ խախտելով նախապես պլանավորված երթուղին։ Հենց որ շարասյունը դուրս է եկել խցանումից, դրանից հեռացրել են Հասան Շիրինովի մեքենան, իսկ նրա վարորդը հեռացվել է ոստիկանական համակարգից։
Ներքին գործերի նախարարությունը և ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը հրաժարվել են մեկնաբանել այս պատահարը:
Tags: ադրբեջան, Իլհամ Ալիև