Իրանի արտգործնախարար. «Իրանի և «Վեցնյակի» որևէ ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով»

Մուհամմադ Ջավադ ԶարիֆԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) որևէ ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով:

«Եթե մենք նոր համաձայնագիր չստորագրենք մինչև հուլիսի 20-ը, ապա կարող ենք բանակցությունները երկարաձգել մի քանի օրով, սակայն ոչ ավելի: Մենք փորձում ենք գտնել դիրքորոշումները մերձեցնելու միջոցներ ու հնարավորություններ, նվազեցնել հակասությունները: Իրանը կարող է տարածաշրջանում իր ազդեցությունն ապահովել առանց միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաների մշակման: Ներկայիս քննարկումները շատ լուրջ բնույթ են կրում»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Զարիֆը հավելել է, որ Թեհրանը, համաշխարհային հանրությանն ապացուցելու համար, որ միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներ չի մշակում, կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը:

Չնայած Իրանի միջուկային պայմանագրի տեքստի 60-65 տոկոսն արդեն համաձայնեցված է, հիմնական հարցերի շուրջը կան տարաձայնություններ:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեին Ֆերեյդունը ևս ժամանել է Վիեննա, որպեսզի մասնակց Իրան-«Վեցնյակ» ընթացիկ բանակցություններին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում էին ընդունել, որից հետո Իրանն էլ դադարեցրել էր ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,