ԼՂՀ Շահումյանի շրջանում ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ

ձերբակալությունԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <КМС> տեսակի <TD 2042> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի <ПМ> տեսակի <ВА 0033> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու <Ф-1> տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <АКМС> տեսակի <TF 7373> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի <ПМ> տեսակի <СН 3478> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:
Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Անկախ