ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վիրահայոց թեմ

Հովհաննես ՄանուկյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» մշակութային կենտրոն: Դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով:

Սրբազանը նախարարին ներկայացրել է, որ արդեն իսկ կատարվել են եկեղեցու ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջևում է: Նա հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: ,