Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկում՝ Հրազդանում

արդարադատության նախարարություն«Սահմանադական բարեփոխումների անհրաժեշտություն կա այսօր: Հրազդան քաղաքում կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:

         Նա առանձնացրել է երկու կարևոր հանգամանք՝ մարդու իրավունքների պաշտպանությունն  ու կառավարման ձևի փոփոխությունը: Նա կարևորել է նաև երկրում ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտությունը: «Մենք պետք է սահմանենք այնպիսի վիճակ, որ անձերի փոփոխությունը չազդի համակարգի վրա: Կառավարման ձևի փոփոխությունը պետք է երկրում հանգեցնի կուսակցական համակարգի կայացմանն, ինչը կբերի կուսակցական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրագրմանը»,-հավելել է Հանձնաժողովի անդամը:

Խոսելով դատական համակարգի մասին՝ նա նշել է, որ քննարկվում է անցում կատարել երկաստիճան դատական համակարգի, որն ավելի արդյունավետ կլինի:

«Եռաստիճան դատական համակարգի կիրառման ընթացքը ցույց է տալիս, որ երկաստիճանի անցնման կարիքը կա: Դատական ակտի բեկանման ժամանակ, մենք կորցնում ենք որակը: Դատարանակազմությունն ինքնին հանգեցրել է դրա փոփոխման անհրաժեշտությանը»,-նշել է Գևորգ Կոստանյանը:

Հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը շեշտել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այն կկարգավորի անհատ-պետություն հարաբերությունները:

Վարդան Պողոսյանը զուգահեռներ է անցկացրել ներկայիս և 1995թ-ի Սահմանադրության միջև՝ նշելով, որ այդ Սահմանադրությունը իշխանակենտրոն էր, որով իշխանության ինստիտուտների կայացման խնդիր էր դրվել:

«2005թ-ի փոփոխություններն ուղղված էին 1995թ-ի Սահմանադրության շեղումների շտկմանը, բայց դրանով էլ բոլոր խնդիրները չլուծվեցին: Այն իրավունքները, որոնք անմիջականորեն պետք է իրականացվեն և պաշտպանվեն՝ տարանջաման կարիք ունեն, ինչը գործող Սահմանադրությամբ չի ապահովվում»,- նշել է Հանձնաժողովի անդամը՝ շեշտելով, որ պետք է ստեղծվի սահմանադրական այնպիսի գործուն համակարգ, ըստ որի՝ այդ հիմնական իրավունքները կսահմանափակվեն Սահմանադրությամբ:

Վարդան Պողոսյանի խոսքով՝  ներկայացված հայեցակարգով առաջարկվում է անցում կատարել պառլամենտական կառավարման ձևին՝ իշխանության գերկենտրոնացման վտանգի պատճառով:

«Բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը երկրի սոցիալ-քաղաքական իրողության փոփոխությունն է, այլ պատճառ չկա, որից օգտվելու են բոլորը»,-ասել է Հանձնաժողովի անդամը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվել են սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման անցկացման գործընթացից, մարդկանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներից:

Հարցադրումներ են եղել նաև Ազգային ժողովն արձակելու խնդիրների, Նախագահի ընտրության, մարդու իրավունքների իրականացման երաշխիքների ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Հայեցակարգի վերաբերյալ հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: