Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում հանգստանում է երևանաբնակ 150 դպրոցական

005Երևանաբնակ  հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլև այնուհետ ճամբար են այցելում և երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները:

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական:  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ճամբար, ծանոթացել երեխաների հանգստի ու կենցաղի պայմաններին, այնուհետ մասնակցել այստեղ  կազմակերպված միջոցառմանը, որին ջոկատները ներկայացել են համերգային հարուստ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջ է համախմբել բոլոր ճամբարականներին: Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ երկրորդ հերթափոխով մարզային ճամբարներում հանգստանում է երևանաբնակ 425 երեխա: Առջևում երրորդ հերթափոխն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Tags: , ,