Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Բուլղարիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բուլղարիայի Ազգային Ժողովում Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովը և խմբի անդամ Դիմիտար Նիկոլով Լազարովը:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին հայ-բուլղարական ավանդական բարեկամության վրա հիմնված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև դրա հետագա զարգացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի խթանման անհրաժեշտությանը:
Բուլղարական պատվիրակությունը նշեց, որ Բուլղարիայում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ կա մեծ համակրանք, որը լավ հիմք է հանդիսանում տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար:
Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթությունում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությանը:
Tags: Կարեն Նազարյան