Իրանի գորգի ազգային կենտրոնի ներկայացուցիչ Համիդ Քարեգարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ, ըստ Իրանի մաքսային վարչության վիճակագրական տվյալների, վերջին երեք ամսվա ընթացքում Իրանից արտահանվել է 1000-ից ավելի գորգ, ընդհանուրը` 57 մլն դոլարի:
«Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ` նկատվում է 23 տոկոս աճ»,-ասել է Համիդ Քարեգարը:
Իրանի գորգի ազգային կենտրոնի պատասխանատուն հույս է հայտնել, որ քաղաքական դաշտում համեմատական կայունությունն ու բարելավումը կնպաստեն Իրանի ձեռագործ գորգերի արտահանման ծավալների մեծացմանը:
ԱՄՆ իրանական գորգի ներկրման շրջփակումը, արտահանման ծախսերի մեծացումը, ինչպես նաև արաբական որոշ երկրներում քաղաքական անկայունությունները վերջին տարիներին Իրանի գորգի արտահանման ծավալների կրճատման գլխավոր պատճառներից են եղել:
Ուշագրավ է, որ անցյալ տարի ձեռագործ գորգերը Իրանի արտահանվող ապրանքերի ցուցակում 21-րդ տեղն են զբաղեցրել: Արտահանվող գորգերի 1 կգ-ի միջին արժեքը եղել է 61,7 դոլար:
2013-ին իրանական գորգերը հիմնականում արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Կատար, Շվեդիա և Շվեյցարիա:
Ընդհանուր առմամբ, իրանական գորգերն արտահանվում են 8 տասնյակից ավելի երկրներ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: արտահանում, գորգ, իրան