Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հուլիսի 22-ին Թեհրանում կայանալու է իսլամական միջխորհրդարանական եռյակի հերթական նիստը, որի նպատակն է քննարկել Գազայում սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործությունները:
Գագաթաժողովին մասնակցելու են Սուդանի, Իրանի և Մալիի խորհրդարանների նախագահները: Նրանք հերթականությամբ նախագահում են իսլամական երկրների միջխորհրդարանական նիստերի անցկացման ընթացքում:
Ալի Լարիջանին մանրամասնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մալիի խորհրդարանի նախագահ Իսկասա Սիդիբեի և Սուդանի խորհրդարանի նախագահ Էզեդդին Մանսուրի հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր` կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։
Զրույցի ընթացքում, անդրադառնալով սիոնիստական վարչակարգի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում տիրող ողբերգական իրավիճակին, Լարիջանին պահանջել է անհապաղ գումարել իսլամական երկրների միջխորհրդարանական եռյակի նիստը։
Տեղեկացնենք, որ սիոնիստական վարչակարգի ներկայացուցիչները 2014-ի հուլիսի 8-ից հարձակումներ են գործում Գազայի պաղեստինյան բնակչության վրա, որի հետևանքով սպանվել է 194 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1400-ի:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: Գազա, Իսրայել, իրան, Պաղեստին