Տեղեկատվության թափանցիկության գնահատման նպատակով իրականացված պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգի արդյունքները հայտնի են:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` 89.48%-ով: Նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական կայքերից միայն 10-ի ցուցանիշներն են բարելավվել, իսկ մնացածի տեղեկատվական թափանցիկության մակարդակը նվազել է:
2014թ.-ի մայիսից Խոսքի ազատության պաշտպանության կեմիտեի (ԽԱՊԿ) իրականցրած Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգի արդյունքները այսօր լրագրողներին ներկայացրին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Օլգա Սաֆարյանը:
Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ հետազոտությունն իրականացվել է կատարելագործված մեթոդաբանությամբ` հիմնված EXMO համակարգչային տեղեկատվական համակարգի վրա. այն մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը:
Կայքերը գնահատվել են 164 չափորոշիչով, որոնցից 120-ը բովանդակային են, 26-ը` տեխնիկական: Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը կամ բացակայությունը, ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը:
Ուսումնասիրվել են 44 պետական մարմինների կայքեր`ՀՀ նախարարությունների ու Կառավարությանն առընթեր պետական մարմինների, գերատեսչությունների 34 կայքեր, նաև երկրի 10 մարզերի պաշտոնական կայքեր, որոնք ընդգրկված են “Տարածքային կառավարման կամակարգ” միասնական ցանցում:
“Այս փուլի արդյունքները նախնական են: Պետական մարմինների կայքերի պատասխանատուները հնարավորություն կստանան մանրամասն ծանոթանալու փորձագետների գնահատականներին և համագործակցելով նրանք հետ` կկատարելագործեն իրենց կայքերը և միայն սեպտեմբերի 15-ից հետո կհրապարակվեն վերջնական արդյունքները”,-նշեց Աշոտ Մելիքյանը:
Բանախոսները տեղեկացրին նաև, որ անցյալ տարվա համեմատ` նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական կայքերից միայն 10-ի ցուցանիշներն են բարելավվել, իսկ մնացածի տեղեկատվական թափանցիկության մակարդակը նվազել է: Մարզպետարանների կայքերի գրեթե բոլորի ցուցանիշներն էլ իջել են. բացառություն է միայն Արագածոտնի մարզպետարանի կայքը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` 89.48%-ով (տեղեկատվական թափանցիկության աստիճան), երկրորդ հորիզոնականում ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն է 80.64%-ով, երրորդը` Էկոնոմիկայի նախարարությունը` 77.69%-ով: Վերջին հորիզոնականում են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքը` 21.29%, Բնապահպանության նախարարության կայքը`30.12%, իսկ վերջին հորիզոնականում է ՀՀ միջուկային անտանգության կարգավորման պետական կոմիտեի կայքը` 19.10%:
Բանախոսների տեղեկացմամբ` վարկանիշային աղյուսակների բարձր տեղերը զբաղեցնող կայքերում չկան կամ ամբողջական չեն կարևոր տեղեկություններ` տվյալ պետական մարմնում անցկացված կամ այդ մարմնի իրավասության շրջանակներում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տվյալները , տարեկան բյուջեի ծախսերը, ինչպես նաև` բացակայում են ղեկավարի տեղակալների պաշտոնական ելույթների տեքստերը և այլ տեղեկություններ:
Tags: Աշոտ Մելիքյան, Արագածոտնի մարզպետարանի կայք, Խոսքի ազատության պաշտպանության կեմիտե, ՀՀ նախարարություններ, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, մոնիտորինգ, պետական մարմիններ