Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին

Khazer 2Հուլիսի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի մենահամերգը Գերմանիա մեկնելուց առաջ:

Խումբը Գերմանիայում հրավիրված է մասնակցելու Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին: Այս փառատոնին  մասնակցելու են տարբեր երկրներից հրավիրված երգչախմբեր, որոնք ներկայացնելու են իրենց ազգային երաժշտությունը:

Հայաստանն այս փառատոնին մասնակցում է առաջին անգամ և ներկայանալու է «Խազեր» երգչախմբով:
«Խազեր» երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի խոսքով՝ Գերմանիա մեկնելու համար խմբին անհրաժեշտ գումարի մի մասն իրենք արդեն հայթայթել են սեփական ուժերով և որոշ կամավորների օգնությամբ, սակայն, 2,3 մլն դրամ դեռևս պակասում է:

««Խազեր» երգչախումբը Ձեր աջակցության կարիքն ունի: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել մեր ազգային երաժշտությունը միջազգային բեմերում ներկայացնելուն»,- ասաց Անի Նավասարդյանը՝ նշելով, որ երգչախումբն այժմ պատրաստվում է «Մենահամերգ»-ի, որից ստացված գումարը ևս նպաստելու է Գերմանիա մեկնելու համար անհրաժեշտ գումարի համալրմանը:

Տեղեկացնենք, որ երգչախումբը միջազգային փառատոնին մասնակցելու համար Գերմանիա մեկնելու է օգոստոսի սկզբին: «Խազեր»-ը Հայաստանում միակ երկսեռ, երիտասարդական  երգչախումբն է (18-26 տ. կազմով), որը երգում է ազգային երաժշտություն:

«Դուք կարող եք քաջալերել մեզ՝ միջազգային բեմում ներկայանալուն նախորդող համերգին՝ «Մենահամերգ»-ին ներկա գտնվելով»,- ասաց Անի Նավասարդյանը:

 

Անկախ

Tags: , ,