Հասան Ռոհանի. «Բանակցությունների ամբողջ ընթացքում չենք նահանջել մեր դիրքորոշումից»

Hasan RouhaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի խաղաղության ու երկխոսության դրոշակակիր լինելու փաստը, ասել է, որ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում նվազագույն զիջման չեն գնալու:
«Եթե դիմացի կողմը միջուկային բանակցություններում հարգի Իրանի ժողովրդի իրավունքները, բանակցությունները կշարունակվեն և դրա ժամկետը կերկարաձգվի»,- նշել է Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանի միջուկային բանակցող պատվիրակությունը Վիեննայում աշխարհին ապացուցեց, որ Իրանը կողմնակից է թափանցիկ բանակցությունների անցկացմանը:
«Մենք մեր իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Իրանի ժողովրդի պահանջների հարցում նվազագույն զիջման չենք գնացել, չենք գնալու և համբերատարությամբ առաջ ենք շարժվելու: Այժմ եթե մեր համար հստակեցվի, որ դիմացի կողմը միջազգային օրենքների շրջանակում հարգում է Իրանի ժողովրդի իրավունքներն ու տեսակետները, ապա   կշարունակենք բանակցությունները: Եթե անհրաժեշտ լինի, բանակցությունների ժամկետը կերկարաձգենք,- ասել է Իրանի նախագահը:
Ռոհանին կարևորել է, որ բանակցությունների ամբողջ ընթացքում Իրանը չի նահանջել իր դիրքորոշումից:
«Իրանի ժողովուրդն իրավունք ունի օգտվել միջուկային էներգիայից: Իրանը ձգտում է հասնել այնպիսի համաձայնագրի, որը կգոհացնի բանակցություններին մասնակից բոլոր կողմերին: Այդ բանակցությունների հաջողությունը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի և ընդհանրապես ողջ աշխարհի վրա»,- ասել է Հասան Ռոհանին:
Հիշեցնենք, որ, ըստ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնության, Իրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) պետք է մինչև հուլիսի 20-ը համաձայնագիր մշակեն Իրանի միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնութի երաշխիքների մասին: Փոխարենը աստիճանաբար նվազելու են Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները` մինչև դրանք լիարժեք վերացվեն:
Ակնհայտ է, որ կողմերը չեն կարողանում պահպանել ժամկետները, և հետևանքը կլինի, որ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ,  փաստաթղթի պատրաստման գործընթացը կերկարաձգվի:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: