Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնն արձագանքել է Ադրբեջանում իրավապաշտպան և քաղաքացիական ակտիվիստ Հասան Հուսեյնլիի ձերբակալությանը՝ դատապարտելով այն:
“Ես խիստ հիասթափված եմ Հուսեյնլիին խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտելու կապակցությամբ”,- նշել է Լիդինգթոնը ։
Պաշտոնյան հավելել է, որ վերջին տարիների ընթացքում Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանատունը սերտ համագործակցել է Հուսեյնլիի հետ՝ մի շարք նախագծերի շրջանակներում։ Լիդինգթոնն ընդգծել է, որ Հուսեյնլին համալրեց այն քաղաքացիական ակտիվիստների շարքերը, որոնք երկարատև ազատազրկման են դատապարտվել։
“Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին արձագանքել բազմաթիվ կոչերին և մտահոգություններին, որոնք վերաբերում են քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելու և ազատազրկման ենթարկելու միտումներին”,-ասել է բրիտանացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Հասան Հուսեյնլին մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին:
Tags: Դևիդ Լիդինգթոն