Իրանի նախագահն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Գազայի վերջին զարգացումները

Rouhani_putinԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումները և ընդգծել անհրաժեշտ քայլեր ձեռնակելու կարևորությունը:

 «Պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել: Այժմ այն, ինչ տեղի է ունենում Գազայում,  հակամարդկային ոճրագործություն է, 21-րդ դարի մեծ ողբերգություն: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության»,- ասել է Իրանի նախագահը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մտահոգիչ և անհանդուրժելի համարելով Գազայում տիրող իրավիճակը, նշել է, որ ազդեցիկ երկրներն իրենց ողջ ջանքերը պետք է գործի դնեն հրադադարի հաստատման համար:

Պուտինը, դրական համարելով Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններում նկատվող տեղաշարժը, ընդգծել է տարածաշրջանում անվտանգության հաստատման  հարցում երկու երկրների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) այժմ ընթացող միջուկային բանակցություններին և նշել, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի փոխշահավետ վերջնական համաձայնագրի ստորագրման համար:

Ինչպես տեղեկացրել էինք, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ կրկին քննարկվել էր Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Երկու երկրների առաջնորդները կարևորել էին նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:

 

Անկախ

Tags: , , , ,