Դատարանն արդարացրեց մարզիկին

загруженноеԴատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու համար առաջադրված մեղադրանքում՝ նրանց  արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նախաքննական վարկածի համաձայն՝ Մ.Բաղդասարյանը, 2013թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Ա.Հայրապետյանի հետ, բռնության գործադրմամբ, այն է` գրկելով իր նախկին նշանած Ջուլիետտային, նրա կամքին հակառակ նստեցրել է Ա.Հայրապետյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բացահայտ առևանգել: Աղջիկն ավտոմեքենայի մեջ համոզել է նրան, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրանք աղջկան կրկին վերադարձրել են նույն վայր:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքում: Մ.Բաղդասարյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2013թ. ապրիլի 3-ին սոցիալական կայքերից մեկի միջոցով ծանոթացել է Ջուլետտայի հետ, վերջինս իր նամակներին պատասխանել է այն բանից հետո, երբ ինքը նշել է, թե գտնվում է Անգլիայում՝ թեև գտնվել է ՀՀ-ում: Ինքը Բուլղարիայում անցկացրած բռնցքամարտի մարտերից հետո նոր էր վերադարձել Հայաստան և այդ ժամանակ պատրաստվում էր մեկնել Անգլիա:
Այդպես որոշ ժամանակ համացանցի միջոցով շփվել են միմյանց հետ, որից հետո որոշել են հանդիպել: Սկսել են հաճախակի հանդիպել, օրվա մեծ մասը միասին անցկացնել, ապա տեղի է ունեցել իրենց նշանադրությունը, որից հետո սկսել են պատրաստվել իրենց հարսանեկան արարողությանը:
Նշանադրությունից մի քանի օր անց ինքնակամ խոստովանել է Ջուլետտային, որ Անգլիայից չի եկել, իսկ վերջինս ասել է, որ քանի որ իրեն ստել է, կարող են չամուսնանալ, ապա մտածելուց հետո մեկ շաբաթ անց հարսնացուն  պատասխանել է, որ այդ ամենն իրեն չի հետաքրքրում, իրենք երկուսն էլ սիրում են միմյանց և ինքը ցանկանում է լինել իր հետ:
Երբ ավարտված են եղել հարսանիքի բոլոր նախապատրաստական աշխատանքները, Ջուլետտան իրեն ու իր մորը հրավիրել է իրենց տուն և աղջկա մայրը հատարարել է, որ հասանիք չի լինելու, իրենք այդպես են որոշել, Ջուլետտան իրեն չի ներել՝ ստելու համար:
Ինքը մեկ տարի ժամանակ է խնդրել, որպեսզի գնա և բռնցքամարտեր անցկացնելու միջոցով գումար աշխատի, քանի որ համոզված է եղել, որ այդ ամենը տեղի է ունենում գումարի պատճառով: Նրանք  դրան համաձայնել են, սակայն մի քանի օր անց Ջուլետտան զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ իրենց մեջ ամեն ինչ վերջացած է:
Նշանակված հարսանեկան արարողության օրը զանգահարել է Ջուլետտային, ով լաց է եղել ու ասել է, որ չի ցանկացել, որպեսզի նման բան լիներ և անջատել է հեռախոսը: Դրանից հետո ինքը ոչ մի կերպ չի կարողացել կապվել նրա հետ, քանի որ վերջինս փոխել էր իր հեռախոսահամարը:
Բացի այդ 2 անգամ այցելել է նրանց տուն, սակայն իրեն թույլ չեն տվել խոսել աղջկա հետ: Ապա  2013թ. հոկտեմբերի 27-ին ինքը փողոցում պատահական հանդիպել է Ջուլետտային, խնդրել խոսել, բացատրել իրենց բաժանման պատճառը: Ինքը բացել է մեքենայի դուռը, և իրենք նստել են մեքենան, Ջուլետտան իրեն ասել է, որ իր քրոջ ամուսինն ինչ-որ մարդկանց միջոցով պարզել է, թե Մ.Բաղդասարյանը Բուլղարիայում հանցագործ է ու նման բաներ:
Ինքը պահանջել է վաղն ևեթ հանդիպել այդ մարդկանց հետ ու ապացուցել, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում: Ջուլետտան համաձայնվել է և անգամ հայտնել է, որ իր իրավացիությունը ապացուցելու դեպքում ինքը բոլորի ներկայությամբ ծնկաչոք ներողություն կխնդրի նրանից: Ապա Ջուլետտային իջեցրել են իր քրոջ տան մոտ ու նրանք հեռացել են:
Հաջորդ օրն առավոտյան զանգահարել է Ջուլետտան ու խնդրել է գալ իրենց առաջին հանդիպման վայրը, այնտեղ իրենց են մոտեցել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ու հայտնել, որ ոստիկանությունում Ջուլետտայի ներկայացրած բողոքի համաձայն՝ ինքը պետք է ներկայանա ոստիկանության բաժին:
Ամբաստանյալը հայտնել էր, որ ինքը Ջուլետտային առևանգելու մտադրություն չի ունեցել, նման ցանկություն ունենալու դեպքում հեշտությամբ կարող էր այն իրագործել: Իր միակ նպատակը եղել է Ջուլետտայի հետ խոսելը ու իրենց բաժանման պատճառն իմանանալը: Երբ ինքը բռնել է Ջուլետտայի ձեռքից ու նրան ուղեկցել դեպի մեքենան, վերջինս չի բղավել ու չի դիմադրել, իսկ այդ ժամանակ տարածքը եղել է մարդաշատ: Ջուլետտան ունեցել է հնարավորություն՝ ցանկության դեպքում ցանկացած պահի հեռանալու:
Հարսանեկան նախապատրաստությունների ժամանակ Ջուլետտայի քմահաճույքներն ու ցանկություններն իրականացնելու համար, քանի որ գումարը չի բավականացրել, վաճառել է իրենց բնակարանը և ներկայումս բնակվում է վարձակալությամբ: Բացի բնակարանի արժեքից, որը կազմել է մոտ 15000 ԱՄՆ դոլար, Ջուլետտայի վրա ծախսել է շուրջ 25000 ԱՄՆ դոլար:
Գումարներ աշխատել է Բուլղարիայում բռնցքամարտեր անցկացնելով, որի համար բավականին բարձր վարձատրվել է: Իր համար մինչ օրս անհայտ է իրենց բաժանման հիմնական պատճառը, կարծում է, որ այդ պատճառն ավելի լուրջ է, քան գումարը և մյուս պատճառները:
Դատարանն արձանագրել է, որ դեպքի օրը՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին, Մ.-ն ու Ջուլետտան համարվել են նշանադրված, քանի որ նշանադրության մատանին աղջկա հոր կողմից Մ.Բաղդասարյանի մորը հետ է վերադարձվել 2013 դեկտեմբերի 22-ին, այսինքն՝ տվյալ դեպքում չեն  հիմնավորվել նախաքննական մարմնի հետևությունները և մեղադրանքում տրված այն ձևակերպումը, թե «…գրկելով իր նախկին նշանած Ջուլետտային …»:
Նման պայմաններում դատարանը գտել է, որ գործով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն և չեն ապացուցել, որ ամբաստանյալ Մ.Բաղդասարյանը նախնական համաձայնություն է ունեցել ամբաստանյալ Ա.Հայրապետյանի հետ բռնության գործադրմամբ Ջուլետտային  բացահայտ առևանգելու շուրջ, ապա բռնություն գործադրելով՝ Մ.Բաղդասարյանը աղջկան  նստեցրել է Ա.Հայրապետյանի կողմից վարվող ավտոմեքենան:
Վերլուծելով ամբաստանյալների, վկաների՝ դատաքննության ժամանակ հետազոտված ցուցմունքները, դրանք մյուս ապացույցների հետ համադրելով՝ դատարանը գտել է, որ դրանք ըստ էության հանդիսանում են հավաստի ապացույցներ, որոնցով անհերքելիորեն ապացուցվում է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը:

 

Tags: , ,