«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է ձմերուկային փառատոն,լուսանկարներ

ձմերուկի փառատոնԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել է «Երևանյան ամառ 2014» ծրագրով:

Ձմերուկ ձևավորելու յուրօրինակ տարբերակներ են առաջարկել ֆուրշետային ընկերությունները: Քարվինգի մասնագետների ինքնատիպ աշխատանքներն անցորդներին անտարբեր չեն թողել, և վերջիններս շտապել են լուսանկարել ու հետաքրքվել արվեստի այս գաղտնիքներով: Ի դեպ, աշխատանքներում ներկայացվել են նաև երևանյան ձևավորման մաս հանդիսացող խորհրդանիշները:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ, որոնց աշխուժորեն մասնակցել և միմյանց հետ են մրցել պատանիները, երիտասարդներն ու  մեծերը:

Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել տաղավարներում կազմակերպված հյուրասիրությամբ ձմերուկ համտեսելու սիրված երգիչ-երգիչների, դերասանների  ու հաղորդավարների մատուցմամբ:

Երեկոյան Կարապի լճի տարածք է այցելել և փառատոնին միացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զրուցելով երևանցիների հետ, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել քաղաքապետին՝ միջոցառումը կազմակերպելու և մայրաքաղաքում ամառային այս օրերն առավել հետաքրիր դարձնելու համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ «Երևանյան ամառ» ծրագրով ամռան ամբողջ ընթացքում վարչական շրջաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ այդկերպ ապահովելով մայրաքաղաքում հանգիստն անցկացնող երևանցիների ու Երևանի հյուրերի հետաքրքիր ժամանցը:

«Ձմերուկի» փառատոնը շարունակվել է մինչև ուշ երեկո և ուղեկցվել համերգային ծրագրով, իսկ այնուհետ՝ եզրակափվել դիսկոտեկով:

Tags: ,