ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այցելել է «Ջրվեժ» անտառապարկ

001ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկ:  Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. ««Ջրվեժ» անտառապարկը մոտ է մայրաքաղաքին և պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այնուամենայնիվ, այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ  խնդիրներ տարածքի պահպանության իրականացման, վարձակալված տարածքներում տիրող իրավիճակի և հարակից շրջանների բնակչության հետ կապված: Սրանք լուծելի խնդիրներ են, որոնք կամք և հետևողական մոտեցումներ են պահանջում»:

Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին` դժվարին պայմաններում աշխատանքներ իրականացնելու համար, Արամայիս Գրիգորյանը հորդորել է վերջիններիս լինել առավել ուշադիր, մշակել և նախարարությանը ներկայացնել ծրագրեր «Ջրվեժ» անտառապարկն իր բացառիկ և անհետացող բուսատեսակներով պատշաճ կերպով պահպանելու և որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Այցի ավարտին նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը` նշելով, որ շատ մոտ ապագայում ակնկալում է որակական լուրջ փոփոխություններ, որոնց անձամբ հետևելու է հետագա այցելությունների ընթացքում:

Tags: ,