«Կարգի՛ բերեք էս տնտեսությունը». Հրանտ Բագրատյան

imagesԽորհրդարանը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկում են կառավարության 2013-17 թվականների ծրագիրը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ կառավարության ծրագրում նշված չեն կարևոր քայլեր, որոնք կարող են լրջորեն փոխել իրավիճակը: “225 հազար մարդ գնացել է Հայաստանից, ապահովվել է 6 տոկոս աճ, մինչդեռ այլ երկրներում եղել է 13 տոկոս: Գործնականում մենք բյուջեի աճ չունենք”:

Բագրատյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է ներկայացներ ծրագրային թեզ, որտեղ նշեր, որ տեսնում է վիճակը և թե ինչպես է տեսնում այդ վիճակից դուրս գալու ճանապարհը: “Կառավարությունը պետք է ասեր, որ կարող է իրականացնել այսքան ներդրում և թե ոնց է գեներացնելու ներդրումները: Սա կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում: Պետության գործը հյուրանոց կառուցելը չի”:

Եթե ինքը լիներ, առաջին հերթին հանքարդյունաբերությունը կարգի կբերեր, հետո ավիացիան. “5 րոպեում կլիբերալիզացնեմ ավիացիան”,-հայտարարեց Բագրատյանը,-2014 թվականին, օրինակ, կվերացնեմ Կենտրոնական բանկից վերահսկողական ֆունկցիան: Հիմա բերել-ասել հանրահայտ բաներ, որ ասենք՝ առողջապահությունը պետք է լինի մարդկանց համար, մենք դա գիտենք”:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Բագրատյանը հայտարարեց, որ գյուղոլորտում բոլոր թվերն ուռճացված են. “Պարոն գյուղնախարար, Հայաստանում 240 000 տոննա խաղող չկա: 100 անգամ ասել եմ, նստեք, “գուգլ մեփի” վրա տեսեք, թե էդքան խաղողի այգի ունե՞ք: Էդ կրկնակի տնտեսական աճերը չկան, դա խայտառակություն է, մեզ ճիշտ վիճակագրություն է հարկավոր, ժողովուրդն էդքան կարտոֆիլ չի կարող սպառել:Կարգի բերեք էս տնտեսությունը, իմացեք ճիշտ թվերը”,-հորդորեց նա:

 

 

Tags: