Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է

Նելլի Դուրյան2014 թվականի առաջին վեցամսյակում գրանցվել է  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան:

Արձանագրվել է անչափահասի կողմից կատարված 180 հանցագործություն: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 212: Եթե 2013-ին անչափահաս հանցագործների թիվը կազմում էր 180 անձ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է 20-ով:  160 իրավախախտ երեխաներից միայն 10-ն է գտնվում քրեակատարողական հիմնարկում:

Նման հանցագործություններ ամենից շատ տեղի են ունեցել Լոռու և Շիրակի մարզերում, ինչը գնդապետը պայմանավորում է բնակչության ընդհանուր քանակով:

Այս տարի նվազել են գողության, թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Փոխարենը ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը. 2013-ին գրանցվել է 4 դեպք, իսկ 2014-ին` 7 դեպք: «Այս տարի ունենք սպանության դեպք: Հայտնաբերվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք»,- տեղեկացրեց Նելլի Դուրյանը:

Կրկնահանցագործության դեպք անչափահասների կողմից չի եղել:

Ըստ Դուրյանի` երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը չի ազդում նրա հետագա քայլերի վրա. «Ես գիտեմ երեխաներ, ովքեր սոցիալական ամենածանր վիճակում անգամ երբեք հանցագործության չեն դիմի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահասը իր քայլը գիտակցում է միայն հանցագործությունը կատարելուց հետո: Օրինակ, երեխան ցանկանում է ճագար ունենալ և գողանում է հարևանի կենդանուն: Դա ծիծաղելի, անմեղ միջադեպ է թվում, սակայն ամեն դեպքում կա տուժող. կատարվել է գողություն: Խնդիրը դաստիարակության հարցն է: Ծնողը պետք է զգոն լինի և փորձի ճիշտ ուղի ցույց տալ երեխային»:

Անկախ

Tags: , ,