Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ

001 (8)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման, մասնավորապես, հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների ուղղությամբ: Զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Մայրաքաղաքում մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն ոչ բավարար: Այստեղ մեր մոտեցումն ու դիրքորոշումը պետք է լինի առավել կոշտ: Հրավիրեք սանմաքրման կազմակերպությունների պատասխանատուներին և պահանջեք աշխատանքների պատշաճ կազմակերպում: Ի դեպ, տեղեկացնեմ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ բանակցություններ է տանում մայրաքաղաքում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ և մինչև տարեվերջ, կարծում եմ, բանակցություններն ըստ ամենայնի ավարտված կլինեն, և արդեն հաջորդ տարի այս ուղղությամբ կիրականացնենք առավել կոնկրետ քայլեր, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին քրոնիկ այս խնդիրը ևս կվերանա մայրաքաղաքում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում բնակիչների կողմից համատիրությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված դժգոհություններին և հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել այդ աշխատանքների նկատմամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին նաև հանձնարարել է բնակիչների հետ միասին քննարկել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել համատիրությունների նախագահների հետագա  աշխատանքի նպատակահարմարությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: , ,