Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը ոչ թե նոր է, այլ նախորդ տարիների լրամշակված և թարմացված տարբերակը:
Նա ասաց, որ նույնն են մնացել նաև իրենց մտահոգությունները. “Ինչպես ասում են՝ կենացները քաղցրացել են, ավելի համապարփակ փաստաթուղթ է ստացվել, երևում է՝ մի մարդ է խմբագրել, և կան նաև դրական որոշ փոփոխություններ: Բայց սա լավ նախընտրական պլատֆորմ է, որտեղ ավելի շատ դիմում ենք զգացմունքներին, քան բանականությանը»,-ասաց նա:
Արզումանյանի կարծիքով՝ պետք է նախ հստակ լիներ ծրագրի նպատակը, հետո այդ նպատակին հասնելու քայլերը և տարեցտարի սպասվող արդյունքները:
Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի հնչեցրևած մտքին, թե նախևառաջ ժողովուրդը պետք է կատարի մտքի հեղափոխություն, պատգամավորն ասաց. “Իշխանությունները միսիոներ չեն, որ եկել են հեռու տեղերից՝ վայրի ցեղ լուսավորելու համար: Նախ ձեզանից սկսեք”:
Նրա կարծիքով՝ կառավարության ծրագրի որոշ դրույթներ հենց հին մտածելակերպն են արտացոլում: “Կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու ֆունկցիա չպետք է ունենա, դա ինքնանպատակ չէ, կարելի է 10 000 բահ բաժանել, ասել՝ փոս փորեք, հետո էդ փոսերը լցրեք: Ասում եք՝ Հայաստանում կան մենաշնորհներ, եկեք մի քիչ էլ ճիգ թափենք և պարզենք ոլորտները, ստվերից դուրս բերենք տնտեսությունը, օրենքի գերակայություն ստեղծենք, այդ ժամանակ մարդիկ իրենք աշխատատեղեր կստեղծեն, և շուկան ինքն իրեն կկարգավորի”:
Ալեքսանդր Արզումանյանին ծրագրում դուր չէր եկել նաև այն մասը, որտեղ շարադրված են Հայաստանի հարաբերությունները մի շարք կառույցների հետ. որևէ խոսք չկա ՆԱՏՕ-ի մասին, այն դեպքում, երբ այս օրերին հարյուրից ավելի հայ զինվորներ իրենց միջազգային պարտքն են կատարում ՆԱՏՕ-ի շրջանակներում, Պաշտպանության նախարարը հարաբերվում է այդ կառույցի հետ և այլն. “Չեմ ասում, որ պետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, բայց այն գոնե արժանի էր նշվելու”:
Առողջապահության մասով էլ պատգամավորը դժգոհություն ուներ. “Նախորդ զավեշտը մնացել է՝ կառավարության ի՞նչ գործն է ճիշտ ախտորոշում ապահովել: Հո տաքսիստների ճիշտ երթուղի ընտրե՞լն էլ մեզ չեք երաշխավորելու”:
Ինչ վերաբերում է զբոսաշրջությունը, ապա նա կարծում է, որ առանց ավիացիոն հստակ քաղաքականության, պարզապես անհնար է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնել:
Մի խոսքով, Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկելու կառավարության 2013 թվականին ծրագրին:
Tags: Ազգային ժողով