Այսօր՝ Ադրբեջանական ազգային մամուլի օրը, “Ազադլըխ” (Ազատություն) ընդդիմադիր թերթի աշխատակիցները պիկետ են անցկացրել մամուլի տարածմամբ զբաղվող “Ղասիդ” ընկերության դիմաց, որը ղեկավարում է իշխող “Յենի Մուսավաթ” կուսակցության պատգամավոր Միրքազըմ Քյազըմովը:
Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել “Ազադլըխ” թերթի պարտքերը: Ինչպես հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Ռովշան Հաջիևը, “Ղասիդ”-ը պարտք է ավելի քան 70 հազար մանաթ և, ըստ երևույթին, չի պատրաստվում վերադարձնել թերթի վաճառքից ստացված գումարը:
“Նրանք բացեիբաց հայտարարում են, որ իրենք պարտքը վճարելու միջոցներ չունեն, մինչդեռ ընկերությունը ունի ավելի քան 100 կրպակ ամբողջ երկրում”,- ընդգծել է Ռովշան Հաջիևը:
“Ազադլըխ” թերթի աշխատակիցները վստահ են, որ ընկերությունը իրականացնում է իշխանության քաղաքական պատվերը և նպատակ ունի քայքայել թերթի ֆինանսական բազան:
Հիշեցնենք, որ “Ադրբեջան” հրատարակչությունը ավելի վաղ թերթից պահանջել է մինչև 2013թ. նոյեմբերի 12-ը վճարել կուտակված պարտքը`24 հազար մանաթ,: Թերթի ղեկավարությունը հրատարակչությունից խնդրել է երկարաձգել պարտքի մարման ժամկետը, սակայն հրատարակչությունը մերժել է` դա պատճառաբանելով սեփական ֆինանսական խնդիրներով: Այս թերթի դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել, միևնույն ժամանակ “Ղասիդ” ընկերությունը չի վճարել թերթի վաճառքից ստացված գումարները:
