Ո´չ Ալիևին, ո´չ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմը. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյան«Լարվածությունը սահմանին նորություն չէ: Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանները պահել անձեռնմխելի: Սակայն մեր պատկան մարմինները ոչ թե լավ չեն աշխատում, այլ ընդհանրապես չեն աշխատում: Ոլորտում գիտական ուղեղ չի ներգրավվել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:

Նա նշեց, որ, չնայած լարվածությանը, մոտ ապագայում պատերազմ չի սկսվի.  «Ո´չ Ալիևին, ո´չ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմը: Սա նման է շուն կռվացնելուն: Ադրբեջանում սպառնում են, որ հայերը կհարձակվեն, իսկ Հայաստանում` ադրբեջանցիները: Այս ամենը արվում է ժողովրդին զսպելու համար, որ մարդկանց հետ պահեն միտինգներ գնալուց»:

Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ շրջաններում շտաբեր են ստեղծել և փորձ է արվում միավորելու ամբողջ Հայաստանի  ազատամարտիկներին: «Աշխարհը փոխվում է և մարտահրավերները ավելի արագ են հայտնվում մեր շեմին: Պետք է հասկանանք, որ միասին պետք է պայքարենք և դիմակայենք դրանց: Ժողովուրդը պետք է վերահսկի մեր պետականությունը»;

Ինչ վերաբերում է դիվերսանտների ներխուժմանը, ապա ըստ բանախոսի` այդ մարդիկ ավելի շուտ հանցագործներ էին, քան դիվերսանտներ, քանի որ վերջիններս գաղտագողի գալիս, իրենց գործն անում ու գնում են, այլ ոչ թե գալիս են գառ մորթելու: Նրա խոսքով այս միջադեպի պատճառն այն էր, որ «ինչ-որ տեղ մեր պաշտպանության նախարությունը վրիպել է»: Ըստ նրա` դիվերսանտների պատմությունից էժանագին  շոու սարքեցին. «Թույլ բան էր. մի քանի հոգի բռնել էին այդ մարդու ձեռքերը, և անգամ պարզել ատրճանակ գլխին.  դա պատիվ չէր բերում մեր հաղթանակած բանակին»:

Սարգսյանը շեշտեց սահմանային գյուղերում անվտանգ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը; «Այդ բոլոր կրակակետերը հնարավոր է վնասազերծել: Պետք է անել դա անգամ պատերազմի սպառնալիքի առկայության դեպքում», – ասաց նա:

Անկախ

 

 

Tags: ,