Գյումրեցիները եկել էին անձամբ Քրիստոսի մոտ

DSC00321Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ այցելեց ՙՄուշ 2/2՚ թաղամաս, խոսեց բնակիչների հետ: Վարչապետը Գյումրի էր ժամանել երկրաշարժից անօթևան մնացած 430 ընտանիքի բնակարանային ճակատագիրը քննարկելու և վերջնական լուծում գտնելու համար: Մինչ աշխատանքային խորհրդակցությունը, նորակառույց թաղամասում կառավարության ղեկավարը լսեց գյումրեցիների դժգոհություններն ու առաջարկները:

Գյումրու բնակչուհի Ֆենյա Սահակյանը նշեց, որ իր ընտանիքը ևս անօթևանների ցուցակներում՝ այդ 430-ի մեջ է, 26 տարի անցկացրել են տուն կոչված տնակներում, որոնք արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Այսօր էլ եկել էր վարչապետից վերջնական պատասխան ստանալու. ՙԱսում են՝ 100 սրբի դեմ գնալուն, մեկ անգամ Քրիստոսին դիմի. դիմենք իմանանք, վերջը ինչ պիտի լինի: Թող տուն տան, եթե չեն տա, էնքան գումար տան, որ ես առնեմ 6 հոգանոց ընտանիքս, Հայաստանից դուրս գամ: Արդեն հնարավոր չէ այսպես ապրել՚:

“Այսօր մենք հենց դրա համար ենք եկել”,-եղավ վարչապետի պատասխանը,-մարզպետարանում կքննարկենք և որոշում կկայացնենք”:

Ֆենյա Սահակյան

Տիկինը կառավարության ղեկավարին ներկայացրեց տնակում ապրելու դժվարություններն ու առաջարկեց իր հարսի ու թոռան հետ գա ոչ թե 26, այլ մեկ օր ապրի տնակում. ՙԿռիսը բարձրացել էր թոռնիկիս վրա, քնած տեղը, երեք ամիս էրեխես հիվանդանոց պառկավ: Ինչքան կարելի է՚, – ավելացրեց Ֆենյա Սահակյանը:

Իսկ թաղամասի բնակիչները Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին իրենց ամենատարբեր խնդիրները՝ սկսած թաղամասի ասֆալտապատումից, վերջացրած բնակարաններում կիսատ-պռատ աշխատանքներով: Բնակիչներից մեկը վարչապետին հրավիրեց տեսնելու, թե ինչպես է, որ նոր շենքի չորրորդ հարկից քարեր են թափվում: Այստեղ վարչապետը դիմեց կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչներին, թե ինչումն է խնդիրը, սրանք էլ թե՝ որևէ խնդիր չկա, ամեն բան կարգին է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը միջամտեց խոսակցությանը. ՙՇատ լուրջ խնդիր է, որ քարերը թափվում են ցած, ասֆալտապատումը շատ ծանր վիճակում է, էս բոլոր թերությունները ես տվել եմ ձեզ՝ նամակով, ոնց կարող եք ասել, որ թերություն չկա՚:

Քաղաքապետը նաև նկատողություն արեց ՙԳլենդել Հիլզին՚ , թե ինչպես կարելի է պոկված սալիկը դյուբելով ձգել. ՙԷսպիսի շինարարություն ես կյանքում չեմ տեսել՚:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին հիշեցրեց, որ այսքան տարի հսկայական գումարներ են ծախսվել շինարարության համար, և արդյունքում՝ բնակիչները դժգոհ են: Դա նշանակում է, որ վատ են աշխատել: Հանձնարարեց բոլոր թերությունները վերացնել, խնդիրներին հիմնական լուծումներ տալ:

 

Անկախ

Tags: , ,