Երևանում կանցկացվի սամբոյի Նելսոն Ստեփանյանի հուշամրցաշարը

ns2222Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան օգոստոսի 1-4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարն, որին մասնակցելու են Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք մարզերի պատանի սամբիստներ: Այս մասին հայտնում են սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Պատվիրակությունները Երևան կժամանեն օգոստոսի 1-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում (հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69) կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 3-ին: Մրցաշարի մասնակիցները հուշամրցաշարի ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով: Պատվիրակությունների մեկնումը օգոստոսի 4-ին:

Tags: ,