PayPal-ն արդեն հասանելի է Հայաստանում

PayPalIdramPayPal  («ՓեյՓալ»)  հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարինել idram-ի («Իդրամ»), ինչպես նաև հեշտությամբ կանխիկացնել «ԻԴՐԱՄ»-ի մասնաճյուղերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԻԴՐԱՄ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը:

PayPal -ն էլեկտրոնային վճարումների և դրամական փոխանցումների ոլորտում համաշխարհային առաջատարներից է: Համակարգն ունի շուրջ 100 միլիոն ակտիվ օգտատեր, գործում է աշխարհի 190 երկրներում, աշխատում  է 25 արտարժույթներով:

«Այսօր կարողացանք մատուցել մի ծառայություն, որի շնորհիվ «PayPal»-ի հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել «ԻԴՐԱՄ»-ի, ինչպես նաև՝ կանխիկացնել ԻԴՐԱՄ մասնաճյուղերում: Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է նշել միայն անուն-ազգանունը և անձնագրային տվյալները, ինչից հետո օգտատերը կարող  է գալ ու իր գումարը ստանալ մեր տասնչորս մասնաճյուղերից մեկում: Հաշիվ բացելու կարիք այլևս չկա», – նշեց  Նարեկ Վարդանյանը:

Արդեն գործում է մասնագիտացված paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը` վայրկյանների ընթացքում հնարավոր է իրակացնել PayPal-ի կանխիկացման գործարքը: Շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը` PayPal դրամապանակի լիցքավորում idram հաշվից:

Բացի PayPal-ից, Իդրամի միջոցով հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տարին մոտ 25%-ով աճ են գրանցում, իսկ եթե չլինեին սահմանափակող որոշ խնդիրներ, ոլորտում ավելի մեծ աճ կգրանցվեր: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ  այդ խնդիրների թվում էր նաև էլեկտրոնային առևտուրը. «Մաքսային օրենսգրքում նախատեսված են որոշ փոփոխություններ, որոնց շնոհիվ կհեշտացվի փոքր ծավալի տեղափոխումների մաքսազերծումը: Հուսով եմ, որ այդ փոփոխություները կընդունվեն այս տարի արդեն: Մեր որոշ բանկեր «Visa inpair» համակարգ են գնել, որը հեշտացնում է դրսի գնորդների այստեղ առևտուր անելը: Բայց շատ կարևոր էր Հայաստանից վաճառողների համար «PayPal»-ի նման նորարարության գործարկումը»,-ասում է Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա տվյալների` Հայաստանում  մոտ 1500 մարդ  է առցանց աշխատում է և իր մտավոր կարողությունները վաճառում: Նախկինում  նման մարդկանց համար դժվար էր իրենց դրամի կանխիկացումը. տարբեր բանկերից կանխիկացնելով՝ նրանք ամեն տեղ որոշակի տոկոսներ էին կորցնում:  «ԻԴՐԱՄ»-ի կողմից այս համակարգի ներդրումը կօգնի խուսափել դրամական կորուստներից: Բացի այդ, սա խրախուսում է նաև փոքր և միջին ձեռնարկատերերին մուտք գործել առցանց միջավայր:

 

Անկախ

Tags: , ,