Յազդ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է

ՅազդԻրանի Յազդ նահանգի «Մշակութային ժառանգություն» կազմակերպության զբոսաշրջության բաժնի ղեկավար Մոսթաֆա Ֆաթեմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Յազդ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է:
«Համեմատելով անցած տարվա առաջին եռամսյակում Յազդ այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա ցուցանիշների հետ` կտրուկ աճ ենք արձանագրել: Մասնավորապես, այս տարի Յազդ է այցելել 22 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ` նախորդ տարվա 5 հազարի փոխարեն»,- ասել է Մոսթաֆա Ֆաթեմին:
Իրանի Յազդ նահանգի «Մշակութային ժառանգություն» կազմակերպության զբոսաշրջության բաժնի ղեկավարը նշել է, որ Յազդում կա ավելի քան 2 հազար պատմական հուշարձան, բոլորը գրանցված են Իրանի ազգային ժառանգության ցուցակում:
Հավելենք, որ Յազդն Իրանի 31 նահանգներից մեկն է և գտնվում է երկրի կենտրոնական մասում: Յազդ նահանգը համարվում է Իրանի պատմական շրջաններից: Այն հիմնադրվել է դեռևս աքեմենյանների օրոք:
Նահանգում են գտնվում Միհր, Անահիտա, Իստասի  աստվածների մեհյանները, աքեմենյանների շրջանին պատկանող հուշակոթողներ, Ալեքսանդրի բանտը` իր հսկայական բերդով, պարիսպներով, սասանյանների թագավորությանը պատկանող կառույցներ ու բերդեր, նաև իսլամական ժամանակաշրջանին պատկանող բազմաթիվ սրբավայրեր, պատմական մզկիթներ։
Ուշագրավ է, որ 1272-ին Յազդ է այցելել իտալացի նշանավոր ճանապարհորդ և առևտրական Մարկո Պոլոն:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: , ,