«Անգամ զարգացած երկրներում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացումը իր հետևանքները կունենար, և 0.5-1 տոկոս գնաճ տեղի կունենար: Հայաստանում անհամաչափ բարձրացումներ տեղի կունենան. բացահայտ գնաճը կկազմի 3 տոկոս, ոչ տեսանելին ` 5», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հավանական գնաճից:
«Օրինակ, դիտարկենք, հացի արտադրամասերը, նրանք միշտ նույն քանակով են հաց թխում և նույն քանակությամբ ալյուր օգտագործում: Անտեսանելի գնաճը այստեղ այսպես է տեղի ունենում. 250 գրամանոց հացը դառնում է 200 գրամ, սակայն սպառողի համար սա աննկատ է մնում, քանի որ սովորաբար հացերը վաճառվում են առանց փաթեթավորման , որի վրա գրված կլիներ քաշը», – նշեց նա:
Նման քայլեր կիրառվում են նաև թթվասերի սպառման ժամանակ. 450 գրամանոց թթվասերը վերածվում է 400 գրամի, սակայն առաջին հայացքից դա չի երևում. Տարան նույնն է մնում: Սակայն պիտակի վրա գրվում է, որ պարունակությունը 400 գրամ է, այսինքն` արտադրողին տուգանել հնարավոր չէ: Ըստ Պիպոյանի` սա ընդունված մարքեթինգային հնարք է, որն ընդունված է ամբողջ աշխարհում:
Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ ռիսկեր է ստեղծելու սննդի պահպանման պայմանների առումով: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ գիշերները խանութներում սառնարանները անջատվեն էլեկտրաէներգիան խնայելու համար, իսկ հաջորդ առավոտյան սննդի անվտանգությանը այլևս վստահել հնարավոր չի լինի:
Անդրադառնալով վերջերս ձմերուկից թունավորումներին, Պիպոյանը նշեց, որ այդպես էլ չհրապարակվեց` արդյոք ձմերուկը ներկրված էր, թե տեղական. «Սխալ է ասելը, թե այլ երկրներից ներկրված ապրանքները վտանգավոր են, իսկ մեր ապրանքները` ոչ: Հայաստանում առայսօր հաստատված չէ բուսական ծագմամբ մթերքների անվտանգության ստուգման կարգը», – ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ Սննդամթերքի անվտանգության ծառայության հավաստիացումները, թե ներկրված ձմերուկները «մաքուր» են, քանի որ մանրամասն ստուգվում են սահմանին, միանգամայն անհիմն են:
Tags: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ, Բաբկեն Պիպոյան, գնաճ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում