Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գոհունակությամբ հայտնեց, որ ինքը հետևել է այլ երկրների խորհրդարաններում ընթացող կառավարության ծրագրերի քննարկումներին և պարզել, որ բոլոր տեղերում էլ այն նույն ձևով է ընթանում. «Որևէ տարբերություն չկա, նույն քննադատություններն են՝ ոչինչ չի արվել, այսպես շարունակել չի կարելի և այլն: Այս հռետորական հարցերը բոլոր տեղերում կան»,-հայտարարեց նա:
Նա ընդդիմադիրներին հորդորեց մի պահ վեր կանգնել քաղաքական և անձնական դիրքերից, գտնել վերկուսակցական, վերանձնային խնդիրները և դրանց շուրջ համախմբվել. «Կտեսնեք, որ մենք համախմբվելու ենք և հաղթելու ենք»:
Նրա խոսքով՝ միգուցե ինչ որ տեղ ինչ որ թիվ իրենք սխալ են գրել, քանի որ ոչ ոք չի կարող չսխալվել, բայց կառավարության ծրագրի տողատակերում հետևյալ միտքն է դրված՝ ունենալ անվտանգ, արդար և ապահով հայրենիք:
Խոսելով կոռուպցիայից և կաշառակերությունից՝ նա ասաց, որ դա բոլորի թշնամին է և դրա հահղթահարումն էլ բոլորի խնդիրն է: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե այս տարիներին ոչինչ չի արվել, ապա այստեղ արդեն նախարարը կոնկրետ օրինակներ նշեց. «Գնացեք նոտար, գնացեք վարորդակնա վկայական հանելու և կաշառք առաջարկեք, դուք նման բան չեք տեսնի»:
Նա ընդդիմադիրներին նաև հիշեցրեց, որ որևէ ելույթում չի հնչել չարտոնված հանրահավաք արտահայտությունը: «Առաջ ամբողջ մամուլը հեղեղված էր դրանով, ամբողջ վեճն ու կռիվը դա էր: Իսկ այսօր դա մեր լեքսիկոնից դուրս է եկել, և դա ձեռքբերում է: Համացանցի այս աստիճայի զարգացվածության դեպքում դա հնացած երևույթ է»:
Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց իրենց ընդդիմացողներին իշխանության արատների մասին չհիշել միայն այն ժամանակ, երբ արդեն իշխանություն չեն՝ դա համարելով մեր քաղաքական դաշտի ամենամեծ արատներից մեկը: «Կամ խոսում ենք գլխավոր դատախազից,-շարունակեց նախարարը,-նա ընդհանուր վերահսկողական լիազորություններ չունի, չունի էդ մարդը, նա հաշվտու է պառլամենտին, ի՞նչ եք ուզում»: Խոսելով պատասխանատվության ենթարկվելու մասին՝ նա օրինակներ բերեց դատական համակարգից՝ նշելով, որ վերջին շրջանում միայն 22 դատավոր է պատասխանատվության ենթարկվել. «Ուզում ենք ամեն ինչը միանգամի՞ց, չենք ստանալու,-հայտարարեց նա,-կարկուտ ա եղել, երևի էլի էս կառավարությունն ա մեղավոր, որ կարկուտ ա եղել…խնդիրների լուծումն էդքան հեշտ չի, կա ներքին դիմադրողականություն, հանրությունն ինքը պատրաստ չի: Մտքի հեղափոխությունը պետք ա լինի էս երկրին մի քիչ կպած լինելով»:
Tags: Ազգային ժողով